annasevak

karmir narnjov nerkvac amperԵրբ զգում եմ, որ խեղդվում եմ, որբ օդի պակասություն եմ զգում, շուրթերս մի փոքր հեռացնում եմ իրարից և ագահաբար օդ եմ կուլ տալիս` առանց` թոքերիս մեջ տարածությունն ավելացնելու համար շունչ քաշելու: Ու ես ագահաբար շնչում եմ դեմքիս եկող օդը, ասես էդպես դու ինձ ավելի մոտ ես, շուրթերիս մոտ, թոքերիս մեջ ու լեզվիս վրա: Դու մարդ չես այլևս: Դու օդ ես, օդ, որ ամեն վայրկյան ինձ հիշեցնում է իր մասին, ամեն րոպե ապտակում է առանց աչքի համար տեսանելի հետքերի: Օդը դու ես:
Ես ագահաբար կուլ եմ տալիս կեԽտոտ օդը ու քեզ ավելի մոտ եմ զգում, զգում եմ ներսումս, կողքիս ու ինձ թվում է, թե դու ինձ հետևում ես, որ դարձել ես օդի ամպ ու նստել ես ներսումս: Շնչում եմ` դու ես: Արտաշնչում եմ` դու ես: Շունչս պահում եմ ավելի ես մեծանում ներսումս: Ու ես արդեն վստահ եմ, որ դու օդի ամպ ես, որն ունի ձեռքեր, ու թե ունի ձեռքեր ունի նաև մատներ` երկար ու ոսկրոտ, որոնք խրվել են թոքերիս մեջ ու չեն թողնում շնչել առանց օդի (ցավի): Ասում են, որ առանց օդ հնարավոր չէ: Դու օդ ես: Դու օդն ես: Ու ես առանց քեզ եմ ապրում արդեն որքան ժամանակ է:
1.առանց օդ հնարավոր չէ
2.երկար ժամանակ է առանց քեզ եմ ապրում
Երկուսից մեկը սխալ է, ու գիտեմ, որ երկրորդը ճիշտ է: Հիմարություն է ստացվում:
Նորից հեռացնում եմ շուրթերս ու փորձում եմ շնչել սենյակի ամբողջ օդը, որ վերջանա, չլինի: Ինձ անօդ սենյակ է պետք, որտեղ դու չկաս, որտեղ չկա օդի ամպ: Փակում եմ աչքերս ու իրարից հեռու շուրթերով կուլ եմ տալիս օդը, որը փակ աչքերիս մեջ ստեղծում է քո պատկերը, ու ես… տեսնում եմ քեզ: Երանի փակ աչքերս կույր լինեին, քանզի բաց աչքերով քեզ տեսնելն անհնար է:
Բացում եմ աչքերս ու ամուր սեղմում եմ շուրթերս, բայց մի քանի վայրկյան հետո նորից կիսաբաց եմ անում, որ զգամ կարմիր նարնջի համը: Կարմիր նարինջը քեզ է հիշեցնում: Բաժակը մոտեցնում եմ դողացող շուրթերիս ու զգում եմ, թե ինչպես ես վազում լեզվիս վրայով ու ստամոքսի փոխարեն դեպի սիրտ հոսում: Դանդաղ դատարկում եմ բաժակաը` զգալով ներս հոսող ամեն կաթիլը: Քիչ է: Նորից մի բաժակ: Մեկ հատ էլ: Չորրորդը… Ես ԻՄ կարմիր նարինջն եմ ուզում, այն մեկը, որին խմեցի և, որը վերջացավ: Նայում եմ երկնքին ու հասկանում, որ անգամ ամպերն են ներկվել կարմիր նարնջով:
Կարմիր նարնջի դաշտեր կգնամ, որ քեզ ավելի մոտ լինեմ, ու թե ամբողջ աշխարհն էլ կարմիր նարինջ դառնա, միևնույնն է, դու չես հերիքի:

02.05.14

Реклама

Ու հասկանում ես, որ ժամանակի ընթացքում կորցնում ես նաև մարդկանց, ովքեր, կարծում էիր, որ միշտ կողքիդ կլինեն: Որովհետև ժամանակը բոլորի վրա գիծ է գցում, թողնում է անջնջելի մի հետք, որը չի երևում, բայց տարածություն է ստեղծում մարդկանց միջև: Իսկ այդ տարածությունն իր մեջ ներառում է սառնություն և…. լռություն: Ու հասկանում ես, որ խոսքերն ավելորդ են, որ երկուսդ էլ զգում եք մի աներևույթ կարոտ, որը ստիպում է քեզ լռել: Ու լռությամբ ասված խոսքերը մոտեցնում են ձեր հոգիները` անջատելով մարմիններն ու ձեռքերը:
Հիմա, ես այլևս չեմ կարող բռնել քո ձեռքը ու սեղմել ամուր, քանի որ մեր միջով անցել է անիծյալ ժամանակը, որը ջնջել է քո ձեռքի հիշողությունը: Ու կարոտը, որը վառվում է սրտումս, դու միայն իմ աչքերում կամ թե հայացքում կարող ես տեսնել, որովհետև ժամանակը ջնջել է բառերս: Ու հասկանում ես, որ ժամաակը ջնջոցն է հարաբերությունների: Որ երկար հպումից վերջինս կարող է պատռվել: Մենք չպատռվեցինք, բայց ջնջվեցին բառեր ու կարոտներ:
Նայում եմ գետնին թափված արևածաղկի սերմերին ու հասկանում, որ բառերս այս նույն սերմերն են, որոնք այլևս ոչ ոքի պետք չեն, որոնք դատապարտված են ջարդվել անծանոթ մարդկանց ոտքերի տակ, երբեմն աղմուկով, բայց շատ հաճախ լուռ` տանելով մի ահռելի ցավ, որը զգալ կարող է հիշողությունը կորցրած ձեռքը:
Երբ գիտակցում եմ, որ ձեռքիդ հիշողությունը ջնջվել է և տեսնում եմ ձեռքերիս կարոտախտով տառապող մատները, հասկանում եմ, որ ժամանակը վեր է մարդկային ուժերից, որ ինչքան էլ ամուր բռնեմ մատներդ, եթե ազատ տարածք մնա մեր մատների (կամ թե ձեռքերի) մեջ, ժամանակը կսողոսկի և… տաք հպումներին փոխարինելու կգան կարոտած մատները:
Ես ամբողջովին ձեռք դարձած սպասում եմ քո կարոտած մատներին: Սպասում եմ ու հասկանում, որ ժամանակը միայն քո ձեռքն է վնասել: Մատներդ տեղում են, բայց նրանց միջև ընկած տարածությունն այլևս ինձ չի պատկանում: Ու ես հասկանում եմ, որ ժամանակը ջնջում է նույնիսկ մատները:
Երբ նայում եմ աստղերին, տեսնում եմ հեռավորությունը, որի վրա գտնվում ես ու ես երազում եմ հասնել այն աստղին, որն ամեն երեկո ինձ ստիպում է չքնել ու մտածել մեր միջով անցած ժամանակի մասին, ու ես ուզում եմ ապրել ցերեկը, որպեսզի գիշերը նորից տեսնեմ այն հեռավոր աստղը, որին ժամանակը չի կարող վնասել:
Ես շարունակում եմ ապրել ու հասկանաում եմ, որ ժամանակի ընթացքում կորցնում ենք մարդկանց, ովքեր, կարծում էինք, որ միշտ մեր կողքին կլինեն:

Հ.Գ. Բոլոր նրանց, ձեռքերը որոնց իրենց հիշողությունից ջնջել են իմ մատները:

28.04.14

gunazrkum....

Մեր չքնաղ սիրո եռանկյունու մեջ
Մեջտեղում կանգնած չէի տատանվում ես,
Դեպ քեզ էի գալիս համառ քայլերով,
Իսկ դու գնում էիր սիրտս փշրելով:

Բայց վստահ էի ես մեծ սիրուս վրա
Ու չէի ընկրկում խոչընդոտի դեմ,
Առաջ էի շարժվում քեզ հետ հավասար,
Բայց հետ էի մնում ու չէի հասնում քեզ:

Իսկ երբ վերջապես սերս տապալվեց
Քո թեթև ձեռքով կախաղան հանվեց,
Բոլոր դռները քո դեմ փակվեցին,
Ու ձեռքիդ մնաց հոգուս բանալին:

Բայց հոգիս, ավաղ, փոխվել էր արդեն,
Քեզ լոկ կգտնեիր զույգ աչքերիս մեջ,
Իսկ հոգիս ցավող գոռում էր անվերջ.
-Սիրում ես նրան, պարտված ես, անդեմ:
28.04.14

 

Մեկ, երկու, երեք… ու ես սիրեցի քեզ:
Տվեցի սիրտս, հոգիս, միտքս, ամենը քեզ,
Ու փոխարենը ես պահանջեցի մի կաթիլ սեր:
Մեկ, երկու, երեք… ես սիրեցի քեզ:

Մեկ, երկու, երեք… ու դու սիրեցի՞ր ինձ:
Վերցրիր ամենը ինչ քեզ էի տալիս
Ու փոխարենը մի ումպ սեր տվիր:
Մեկ, երկու, երեք…  դու սիրեցի՞ր ինձ:

Մեկ, երկու, երեք… ես չկշտացա,
Իսկ դու դեռ ագահ ավար էիր վերցնում`
Չեղած սերդ ու սիրտդ միշտ կշտացնելու:
Մեկ, երկու, երեք… դու չէիր կշտանում:

Մեկ,երկու, երեք… ու ես վերջացա:
Իսկ դու դեռ քաղցած վերցնում էիր ամենն ինչ չէի տալիս,
Եվ դու կուշտ հոգով… դու ինձ լքեցիր` թողնելով քաղցած:
Մեկ, երկու, երեք… ատեցի՞ր դու ինձ:

01.04.2014

 

Գիշերն իջնում է մթին ու խավար
Լուսինն է շրջում այս մութ երկնքում,
Շրջում է միայն, լուռ ու միայնակ,
Աստղերը նրան ընկեր չեն լինում:

Դու լուռ նստել ես փոքրիկ սենյակում
Ու չես նկատում երկնքում լուսին,
Միայն աստղեր են աչքերդ որսում
Երբ լուռ պառկում ես դու մահճակալին:

Ու երբ կփակես աչքերդ հոգնած,
Հիշիր, որ լուսինը քեզնով է ապրում,
Իսկ երբ կանջատվի միտքդ մոլորված,
Աստղերը էլ քեզ լույս չեն տալու:

12.02.14

Երբ ես ներս կանեմ մի կտոր չոր հաց,
Դու լուռ կթախծես լոգարանում թաց
Ու կմտածես անցյալի մասին,
Կհիշես, որ երջանիկ էինք միասին:

Երբ ես կմարսեմ կուլ տված հացս,
Դու քեզ կխեղդես հին գրքերի մեջ,
Ու չես խեղդվի, բայց կմեռնես, սերս,
Ու չի լինի ոչ մեկը, որ շունչ տա քեզ:

Երբ ես կփոխեմ TV-ի ալիքները դատարկ,
Դու կգլորես չապրած օրերիցդ ստացված մի մեծ գնդակ,
Ու կհասկանաս, որ ապրում ես փուչ,
Որ կյանքը քո զիլ դարձել է չագուչ:


Երբ ես կժպտամ երջանիկ, անհոգ,
Դու ծպտված ծուխ կքաշես մի մութ անկյունում,
Ու կպայքարես նյարդերիդ համար,
Դեղեր կուլ կտաս չգժվելու համար:

Երբ ես կմեռնեմ սրտումս հավատ,
Դու կհասկանաս, որ դարձել էիր կավատ,
Որ քո միջոցով սերեր էին ծախում,
Իսկ դու անկյունում գրքեր էիր կարդում:

25.03.14

Ես… ինչպես երկինքն աստղերի… ինչպես գիշերը լուսնի և ցերեկն արևի: Ինչպես արևածագը սառն արևի, ինչպես արևը` ջերմության ու շողերի:
Ես… քո կրակի:
Ես… առավելապես: Ինչպես տիեզերքը մթության ու մոլորակների: Ինչպես ծովը ջրի, ալիքները` քարերի (որ ջարդվեն ու հպվեն նրանց):
Ես… ինչպես աշունը գույների, ու գարունը` նուրբ արևի:
Ես… ինչպես ձյունը մաքրության: Ինչպես աշխարհը` Աստծո:
Եվ վերջապես, ես քո կարիքն ունեմ, ինչպես միայն ես եմ կարողանում քեզ կարոտել:

12.09.2013

Метки:
Сентябрь 2018
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
« Май    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Рубрики

Реклама